ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ես սիրում եմ բռնցքամարտել»

«Ես սիրում եմ բռնցքամարտել»
05.08.2008 | 00:00

«ԿԱՏԱՂԻ ՑՈՒԼԻ» ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Օգոստոսի 2-ին ամերիկյան Թակոմա քաղաքում կայացավ բռնցքամարտի IBF վարկածի առաջին թեթև քաշում աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովի և Վախթանգ Դարչինյանի մենամարտը: Հինգերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ռուս մրցակցին` Վիկը վերադարձրեց չեմպիոնական գոտին, որից զրկվել էր 2007 թվականին` զիջելով ֆիլիպինցի Նոնիտո Դոներին:
Այդ անհաջող մենամարտից հետո Վախթանգը փոխեց քաշային կարգը և մինչև չեմպիոնի կոչման համար մենամարտն անցկացրեց մի շարք նախնական մարտեր, որոնցում տարավ հաղթանակներ: Դարչինյանի հետ մարտից առաջ կայացած մամլո ասուլիսում Դմիտրի Կիրիլովը հայտարարել էր. «Դարչինյանը յուրահատուկ ոճ ունի, սակայն ինձ համար դա էական չէ: Ես մարտը վարելու եմ այնպես, ինչպես միշտ: Կարևոր չէ, թե որքան ուժեղ է նրա հարվածը: Նոկաուտ անող բռնցքամարտիկների հետ ես հանդիպել եմ նաև նախկինում: Ինչ հատկություններ էլ ունենա Վախթանգ Դարչինյանը, միևնույն է, դա բավարար չէ ինձ հաղթելու համար»: ՈՒշագրավ է, որ ռուս մարզիկի մականունը Baby է («մանչուկ, երեխա»):
Նույն ասուլիսում Վախթանգ Դարչինյանն այսպես գնահատեց առաջիկա մենամարտը. «Մինչև հիմա Կիրիլովը նոկաուտի չի ենթարկվել, սակայն շաբաթ օրը կկրի նոկաուտով իր առաջին պարտությունը: Ես կարիք չունեմ որևէ էական փոփոխություն կատարելու իմ մարտավարության մեջ: Նոնիտո Դոների հետ մարտում ես պարզապես դեմ առա պատահական հարվածի: Այժմ ես ծայրահեղ կենտրոնացած եմ: Ձախից հարվածս դարձել է ավելի ուժեղ, իսկ աջ ձեռքիս հարվածը` ավելի արագ: Ես շատ հպարտ եմ, որ այստեղ ներկայացնում եմ իմ հարազատ Վանաձոր քաղաքը, որը գտնվում է Հայաստանում, ինչպես նաև Ավստրալիան: Բոլոր հանդիսականները կլսեն իմ հարվածները»:
Մենամարտի առաջին վայրկյաններից «Կատաղի ցուլը» տիրեց նախաձեռնությանը: Հատկապես մեծ էր նրա առավելությունը 2-րդ և 3-րդ ռաունդներում, երբ նպատակին էին հասնում ձախ ձեռքի գրեթե բոլոր հարվածները: Առաջին չորս ռաունդներում բոլոր երեք եզրային մրցավարները հաղթանակը շնորհել էին Վիկին: 5-րդ ռաունդի մեկնարկից կես րոպե անց հայ մարզիկի ձախ ձեռքի դիպուկ հարվածից հետո Կիրիլովը հայտնվեց հատակին. նոկդաուն: Ոտքի կանգնելուց հետո էլ նա չհասցրեց ուշքի գալ, երբ Վախթանգի հարվածների տեղատարափից երկրորդ անգամ հայտնվեց ռինգի հատակին, և մրցավարն արձանագրեց հայ մարզիկի հաղթանակը:
Նշենք, որ այս մարտին նախապատրաստվելու ամբողջ ընթացքում Վախթանգի կողքին էր նրա առաջին մարզիչ Վազգեն Բադալյանը: Հաղթանակից հետո Դարչինյանը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշի հասնել Նոնիտո Դոների նկատմամբ: Նա նաև նշել է, որ պատրաստ է առաջին թեթև քաշային կարգի մյուս վարկածների չեմպիոնների հետ միավորիչ մենամարտերին: «Այս գոտին ցանկանում եմ նվիրել որդուս: Սա ես արեցի նրա համար,- նշել է Վիկը:- Վերջին մենամարտերի ժամանակ շատ բան սովորեցի: Ես պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ, որին կընտրեն իմ ներկայացուցիչները: Կարևոր չէ` Քրիստիան Միխարե՞սն է (WBC/WBA վարկածների չեմպիոն), թե՞ Ֆերնանդո Մոնտիելը (WBO): Ես սիրում եմ բռնցքամարտել»:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ